Դերասան ԲԱԲԿԵՆ ՉՈԲԱՆՅԱՆԻ հետ մեր զրույցը «Կյանք ու կռիվ 2. 25 տարի անց» ֆիլմում նրա կերտած կերպարի, ստեղծագործական նրբերանգների, կինոյի ազդեցության ու հանդիսատեսի արձագանքի մասին է: Բաբկեն Չոբանյանը խաղում է հատուկ նշանակության ջոկատի հրամանատարի` Արմանի դերը: Ֆիլմի առաջին մասում Արմանին մարմնավորում է Սամվել Թոփալյանը:
-Ֆիլմում ներկայացված են անկախության 25 տարիները, որոնց միջով անցել եք Դուք, և որոնք քաջ ծանոթ են մերօրյա հանդիսատեսին: Դժվար չէ՞ մարմնավորել մեր ժամանակի հերոսին:
-Ցանկացած կերպար մարմնավորելը դժվար է: Այս դեպքում դժվարությունները կապված էին նրա հետ, որ արդեն կար կայացած կերպար` ճանաչված, սիրված, հասկանալի: Պետք չէր հեռանալ նրանից ու ներկայացնել հասուն տարիքում: Այդքանն անելն արդեն բավականին դժվար էր, անկախ նրանից, հերո՞ս է, հատուկջոկատայի՞ն, թե՞ ուղղակի զինվոր: Հերոս ստեղծելու խնդիր դրված չի եղել: Ես ստեղծել եմ կերպար` մարդուն, ով ապրում է, ունի արժանիքներ, հոգսեր, նվիրված է իր գործին, հայրենիքին, ընտանիքին, իր սիրուն: Նա կարող է հերոս ընկալվել կամ չընկալվել: Եթե ձեզ համար հերոս է, ուրեմն մենք հերոս ենք ստեղծել:
-Լավ ֆիլմը որոշակի էմոցիոնալ ազդեցություն ունի, կարող է ինչ-որ բան փոխել դիտողի ներսում: Դերասանը նո՞ւյնպես ֆիլմի նկարահանման ընթացքում և հետայդու որոշակի ազդեցություն է կրում ֆիլմից և իր ստեղծած կերպարից: Այդ առումով ի՞նչ ազդեցություն է ունեցել «Կյանք ու կռիվը»:
-Գիտե՞ք, յուրաքանչյուր դերից ինչ-որ բան է մնում դերասանի մեջ, մի դեպքում` քիչ, մյուս դեպքում` շատ: Բայց այնքան դժվար է բառերով բացատրել: Դրանք զգացողություններ են, կուտակումներ, որ հավաքվում են ներսումդ ու այդպես շարունակում ապրել, գուցե աննկատ փոխելով ինչ-որ բան:
-«Կյանք ու կռիվ» ֆիլմի առաջին մասում գլխավոր հերոսը մահանում է: Երկրորդ մասում թվում է, թե ընդհատվելու է նաև Ձեր մարմնավորած հերոսի կյանքը, սակայն անսպասելի շրջադարձ է լինում: Ռեժիսորը կեսկատակ-կեսլուրջ ասաց, որ հանդիսատեսը երկրորդ հերոսի մահը չէր ների իրեն: Դուք նո՞ւյնպես կարծում եք, որ Արմանը պետք է ապրեր:
-Այո, և ոչ նրա համար, որ իմ կերպարն է: Ֆիլմը պետք է լավատեսական նոտայով ավարտվեր, հույս ներշնչեր, որ, ի վերջո, կյանքը շարունակվում է, սերը հաղթում է, արդար գործը հաղթում է: Այդ տեսակետից` տվյալ պարագայում արդարացի եմ համարում happy end-ը:
-88-ի երկրաշարժից հետո խոսելու և լսելու ունակությունը կորցրած Սոֆին 25 տարի անց սկսում է խոսել ու լսել: Սոֆիի կերպարը, գոնե ինձ համար, զուգորդվում է հայրենիքի հետ, որը պետք է պաշտպանել, և, որը անցումային տարիներից հետո վերագտնում է իրեն: Ֆիլմում կա՞ր նման ենթատեքստ:
-Ես չգիտեմ` ֆիլմը նկարահանելիս այդպիսի շերտ եղե՞լ է, թե՞ ոչ: Հիմա մտածում եմ, որ եթե այդպես է ընկալվում, գուցե դա էլ կա: Ի վերջո, ֆիլմում հավաքական կերպարներ էին ներկայացված, և, ինչպես ռեժիսորն է ասում, սա ֆիլմ է մեր ժամանակի մասին, մեր խնդիրների, յուրաքանչյուրն իր հետ կտանի այն, ինչ կտեսնի, այն, ինչն իրեն հարազատ կթվա և մտածելու տեղիք կտա:
-Ֆիլմի ստեղծագործական խումբը մեկնելու էր Արցախ` նկարահանելու Շուշիի դրվագը, երբ սկսվեց Ապրիլյան պատերազմը: Զգացողությունն ինչպիսի՞ն էր:
-Ինչ-որ առումով թևաթափ եղանք: Միաժամանակ նպատակ դրվեց ֆիլմը, իբրև հարգանքի տուրք, նվիրել Ապրիլյան պատերազմի հերոսներին, և նման կերպով մասնակցել այդ կռվին:
-Ի՞նչ կասեք ֆիլմի ռեժիսորի մասին, նրա հետ աշխատելը հե՞շտ էր, թե՞ դժվար:
-Դժվարանում եմ նման որակումներ տալ` հեշտ, դժվար: Դժվար է այն առումով, որ սկզբում չես ճանաչում ռեժիսորին: Ժամանակ է պետք հասկանալու համար միմյանց աշխատաոճը: Իսկ երբ այդ փուլը անցնում է, իսկ դա շատ արագ է անցնում, արդեն սկսվում է համագործակցությունը, ինչը, անկասկած, հաճույք է: Յուրաքանչյուր ռեժիսոր բերում է իր աշխատաոճը, մեթոդները, պահանջները, ի վերջո, իր դպրոցը, և դա փոխադարձաբար հարստացնում է: Ինձ համար շատ հետաքրքիր է եղել Մհեր Մկրտչյանի հետ աշխատելը:
-Ի՞նչ կասեք Ձեր խաղընկերոջ` հանդիսատեսին գրեթե անծանոթ Արծրուն Չոբանյանի մասին: Նրա մարմնավորած կերպարը` Նարեկը, շահեց հանդիսատեսի համակրանքը: Ըստ Ձեզ` ո՞րն էր Արծրունի հմայքը:
-Հպարտության զգացում ունեմ և շատ ուրախ եմ: Որքան խաղընկերդ տաղանդավոր է, այնքան դու հարստանում ես, այնքան քո աշխատանքը դառնում է լավը: Սկզբում Արծրունի դերը շատ ավելի փոքր էր, հետո նրա շնորհիվ ավելի մեծացավ: Արծրունի անկեղծությունը, անմիջականությունը, հումորի զգացումն ու կենդանի խաղը կերտեցին այդ ճանաչելի, սիրելի կերպարը:
-Կինոսիրողներից, կինոքննադատներից զատ, ֆիլմը դիտելու են պատերազմի անմիջական մասնակիցները, մարտական գործին տեղյակ մարդիկ: Ըստ այդմ` պատասխանատվությունն ավելի՞ է մեծանում:
-Իհարկե, բայց մենք այդ պատասխանատվությունը կիսել ենք խորհրդատուների հետ: Ռազմական տեսարանները, զինվորականությանը, հատուկջոկատայիններին վերաբերող մանրամասներն իրենց խորությամբ ու նրբություններով պատկերելու համար մեծապես օգնել են հատուկ մասնագետները: Առանց նրանց ոչ մի քայլ չի արվել:
-Երբ ֆիլմը հասանելի դարձավ, համացանցում քննարկումների մեծ ալիք սկսվեց: Ե՛վ համակրանքն է շատ, և՛ քննադատությունը: Այս եռուզեռը բնակա՞ն է, թե՞ քննադատելու, ամեն նոր բան ջախջախելու միտում կա նաև:
-Եթե եռուզեռը, քննարկումները շատ են, ուրեմն գործ է արվել: Մտածելու տեղիք են տալիս այն աշխատանքները, որ շատ արագ հայտնվում ու կորչում են: Ցանկացած մարդ, որ գործ է անում, ինչ-որ բան է ստեղծում, ժամանակի ընթացքում սովորում է տարբերակել սրտացավ քննադատությունն ու վայրահաչոցը, նախանձը: Ինչ-որ տեղ բնական է, իմունիտետ ես ձեռք բերում ու գնում ես առաջ:
-Որտե՞ղ է ավելի շատ ապրում հերոսը` կյանքո՞ւմ, թե՞ նկարահանման հրապարակում:
-Ավելի շատ իրական կյանքում, բայց որ երկու կյանքով է ապրում, անկասկած է: Երկրորդ կյանքը շատ ավելի հետաքրքիր է, որովհետև ապրում ես այն կյանքով, որով իրական կյանքում հնարավորություն չունես ապրելու: Կերպար ես ստեղծում, հարցեր բարձրացնում, հարցեր լուծում: Հետաքրքիր, այլ կյանք է: Բայց առանց իրական կյանքի չի լինի, այստեղ դու գծում ես մյուս կյանքի պլաններն ու անելիքները:
Հարցազրույցը՝ Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ